ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 1.25 տոկոսային կետով՝ դարձնելով 9.25 %

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

23

2022թ. մարտի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:

2022թ. փետրվարին և՛ 12-ամսյա, և՛ բնականոնգնաճերը ԿԲ կանխատեսումներին համահունչ նվազել են և կազմել համապատասխանաբար 6.5% և 6.4%:

Արտաքին հատվածում, ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության պայմաններում Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվել են տարբեր պատժամիջոցներ: Արդյունքում՝ դիտարկվել է ֆինանսական շուկաների տատանողականության և տնտեսական հեռանկարների հետ կապված անորոշության էական ավելացում: ԱՄՆ-ում և Եվրոգոտում ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում, իսկ Ռուսաստանում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների դիտարկվող խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ։ Սա արտահայտվում է գործընկեր երկրներում սպասվածի համեմատ ավելի բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Արդյունքում` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն:
Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ: Սա առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին: Ամբողջական պահանջարկը իր վրա կկրի դրամական փոխանցումների նվազման և արտաքին պահանջարկի թուլացման ազդեցությունները: Զբոսաշրջության ոլորտից սպասվում է դրական նպաստում: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումը և բարձր անորոշությունը հանգեցրել է ՀՀ ֆինանսական շուկաներում տատանողականության աճի և ռիսկի հավելավճարի մեծացման: Առկա անորոշություններն արտահայտվել են նաև գնաճի և գնաճային սպասումների վարքագծում:
Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում համեմատաբար մեծ քայլով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշության և գնաճային սպասումների ավելացման ռիսկերի պահպանման դեպքում, առաջիկայում ևս կդիտարկի դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Քաղաքականության նման գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունը էականորեն ավելացել է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2022թ. մարտի 29-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2022թ. առաջին եռամսյակի ծրագրում):

--00—ՀԶ