Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված մի խումբ դեսպանների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Է

Մարտի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություններրի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին եւ Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ աշխատակազմից:

Ողջունելով օտարերկրյա դիվանագետներին` Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել Նորդիկ-Բալթիկ երկրների դերը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունները` մասնավորապես բարձրաձայնելով գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը: Հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը հետևողական է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցում:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:

--00—ՀԶ