Հայաստանն Ադրբեջանի առաջադրած պայմաններով կհամաձայնի խաղաղության պայմանագիր կնքել․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

քաղաքական

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի կողմից տրված անվանումն է, իրականում մենք գործ ունենք Ադրբեջանի ուլտիմատումի հետ, որն իր մեջ ներառում է 5 կետ։ Այս մասին 24News-ին ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

Մարտի 11-ին Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ իր երկիրը Հայաստան է ուղարկել հարաբերությունների կարգավորման հինգ կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։ Բայրամովը նշել էր նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ևս մտնում են ադրբեջանական առաջարկների մեջ։ 

Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարծել, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին ու ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասաց, որ մամուլում արդեն իսկ հրապարակումներ եղել են 5 կետանոց առաջարկի մասին։ «Այն պարունակում է նոր զիջումներ Հայաստանի կողմից, այդ թվում ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վավերացում 2020 թվականին»։

Իսկ ի՞նչ պայմաններով Հայաստանը կհամաձայնի խաղաղության պայմանագիր կնքել, ապա ըստ քաղաքագետի՝ այն պայմաններով, որ առաջադրել է Ադրբեջանը։ «Ադրբեջանը ներկայացրել է 5 կետանոց ուլտիմատում։ Դրան ի պատասխան Հայաստանը դիմում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Սա նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է փակել Մինսկի խումբը, որովհետև դրանով վերջանում  է ղարաբաղյան հակամարտությունը, վավերացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրանով հարցը լուծում։ Սա է իրողությունը», - եզրափակեց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատողը։

--00--ԿԿ