Հպարտ եմ կանգնելու հայ ժողովրդի կողքին՝ մերժելով Ադրբեջանի բռնությունները. ԱՄՆ կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ամն

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն վստահ է, որ ի հեճուկս Ադրբեջանի կողմից առ այսօր շարունակվող հարձակումների ու հայ ժողովրդի նկատմամբ բռնության դրսևորումների, միևնույնն է, հայերի ոգին հնարավոր չի լինի կոտրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է Բաքվի և Սումգայիթի կոտորածների 30-րդ տարելիցի առնչությամբ արած հայտարարության մեջ:

Ջուդի Չուն հիշեցրել է, թե ինչպես մոտ 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ էթնիկ հողի վրա իրականացվեցին կոտորածներ:

«Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, հազարավորները՝ Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում, տեղահանվեցին: Այս կոտորածներն ուղղակիորեն խախտում էին Արցախի ինքնորոշման իրավունքը, և այդ խախտումը շարունակվում է առ այսօր: 2020 թվականի աշնանը, երբ ողջ աշխարհը պայքարում էր՝ զսպելու կորոնավիրուսի համավարակը, Ադրբեջանը հերթական պատերազմը սկսեց Արցախի խաղաղ բնակչության դեմ՝ ավերելով նրանց տներն ու գյուղերը, կրկին տեղահանելով հազարավոր մարդկանց: Այս բռնությունն անընդունելի է, այդ իսկ պատճառով ես կոչ եմ արել անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաև՝ հորդորել եմ դադարեցնել ԱՄՆ կողմից աջակցության տրամադրումն Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ պետք է բավարարել նաև հայ ժողովրդի հումանիտար կարիքներն, ինչի ինքն մասին արդեն խոսել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի հետ:

Ջուդի Չուն հիշել է 2019 թվականի հոկտեմբերին Արցախ կատարած այցը՝ նշելով.

«Ես այնտեղ տեսա, թե ինչ հպարտ են մարդիկ ու որքան ուժեղ են: Այդ իսկ պատճառով ես գիտեմ, որ ինչպես նրանց ոգին չկոտրվեց Սումգայիթի և Բաքվի կոտորածներից հետո, այնպես էլ այն չի կոտրվի այսօր: Հպարտ եմ կանգնելու հայ ժողովրդի կողքին՝ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների նրանց պայքարում, և լինել միասնական՝ մերժելով Ադրբեջանի բռնությունները, որոնք չափազանց շատ մարդկային կյանքեր են խորտակել»:

--00—ՄՀ