Վայքի ոստիկանները հայտնաբերել են բջջային հեռախոսներ գողացած անձանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Փետրվարի 24-ին ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը բացել են Վայքի էլեկտրատեխնիկայի խանութ-սրահներից մեկի դուռը և գողացել 14 բջջային հեռախոս՝ պատճառելով շուրջ 1 450 000 դրամի վնաս։

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման աշխատանքներին միացան նաև պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վայքի ստորաբաժանման աշխատակիցները։

Պարզվեց, որ հանցագործությունը կատարել են 19-ամյա երկու երիտասարդ։ Նրանք դեպքից մեկ օր անց հայտնաբերվեցին և, գողացված հեռախոսներով հանդերձ, բերման ենթարկվեցին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00--ԱՀ