ՀՀ բնակչության 35%-ն ավելի շատ աղ է օգտագործում, քան անհրաժեշտ է. ԱՆ մասնագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Ավանեսյան

Հանրային սննդի կետերում սեղաններին աղամաններ չդնելու օրինագիծն առողջ ապրելակերպի ռազմավարության համալիր միջոցառումներից մեկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը:

«Օրգանիզմի համար օրական անհրաժեշտ նորման 5 գրամ է, մեր երկրում այդ ցուցանիշը կրկնակի ավելի է։ Բնակչության 35%–ն ավելի շատ աղ է օգտագործում, քան անհրաժեշտ է»,- ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով՝ հաճախ մարդիկ սննդի մեջ աղ են ավելացնում ՝ առանց փորձելու, քանի որ սովորել են աղի շատ չափաբաժնին։ Հանրային սննդի կետերում աղի արգելքը թույլ կտա փոխել քաղաքացիների մոտեցումը և ևս մեկ քայլ անել դեպի առողջ ապրելակերպ:

Անդրադառնալով հասարակական վայրերում ծխելու, ինչպես նաև հանրային սննդի կետերում սեղաններին աղամաններ դնելու օրինագծերին, նա ընդգծեց` դրանք այն միջոցառումների ցանկից են, որոնք կարող են կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները։

 Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ընդգծեց հասարակական վայրերում ծխելու արգելքի կարևորությունը։ Նա կարծում է, որ սա ևս մեկ քայլ է դեպի առողջ ապրելակերպ։

«Պետք է նշեմ, որ այս վերջին տարիներին ընթացքում ծխախոտի վերահսկողության ուղղությամբ շատ մեծ քայլեր իրականացվեցին և հենց այնպես չէ, որ առողջապահական համաշխարհային հանրությունը 2020 թվականին ընդունեց մեր կողմից մշակված շատ լուրջ օրենսդրական փաթեթը՝ ծխախոտի վերահսկողությունը ամրապնդելու վերաբերյալ: Նշեմ, որ ոչ վարակիչ հիվանդությունների գործոնը մեծապես կախված է մարդկանց և հասարակության վարքագծից»,-ասա նա:

Եզրափակելով խոսքը Ալեքսանդր Բազարչյանն ընդգծեց, որ վարքագիծը մեկ-երկու տարում փոխելը բավականին բարդ խնդիր է, և այդ փոփոխման մեջ պետք է ներգրավված լինեն և օրենսդիր, և գործադիր մարմինները, ինչպես նաև հասարակությունը և բժշկական հանրությունը:

--00—ՄՀ