Վահան Քերոբյանը գործարարների հետ քննարկել է արտահանման խնդիրները՝ ռուբլու արժեզրկման պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Քերոբյան

Մարտի 7-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել արտահանմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցող երեք տասնյակից ավել ընկերությունների ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են ներկայիս պայմաններում արտահանման ժամանակ ի հայտ եկող խնդիրների մասին և քննարկել դրանց լուծման հնարավորությունները։

Զրույց է ծավալվել ինչպես ֆինանսական, այնպես էլ լոգիստիկ խոչընդոտների շուրջ։

Գործարարները նախարարի հետ մտքեր են փոխանակել ռուբլու արժեզրկման պայմաններում պետության կողմից բիզնեսին աջակցություն ցուցաբերելու գործիքակազմի ձևավորման շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի էականորեն նվազեցնել Հայաստանի արտադրողների դժվարություններն արտահանման ժամանակ։

Պայմանավորվածության համաձայն, հանդիպման ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները կուսումնասիրվեն նախարարության կողմից, և նախարարությունն իր լիազորությունների սահմաններում համապատասխան աջակցություն կցուցաբերի գործարարներին՝ հաղթահարելու առաջացած դժվարությունները։

--00—ՄՀ