Արցախում ադրբեջանցիները պայթեցրել են գազատարն ու թույլ չեն տալիս վերանորոգել այն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Մետաքսե

«Երեկ գիշեր Շուշիի հարևանությամբ գտնվող անտառածածկ տարածքներից ուժեղ պայթյուններ լսվեցին, որից հետո Արցախում գազամատակարարումն անջատվեց։  Հետո պարզեցինք, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար է պայթեցվել  ու մինչ այս պահը թշնամին թույլ չի տալիս, անգամ ռուս խաղապահներին՝ մոտենալ ու հասկանալ ինչո՞ւմն է խնդիրրը։ Ամբողջ Արցախի բնակչությունը սառած նստած է տներում, որովհետև պատերազմից հետո արդեն նաև էլեկտրաէներգիայի խնդիր ունենք, ու հիմա չգիտենք ի՞նչ անենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ՝ թշնամուն խիստ դուր չի եկել Արցախի կողմից Ուկրաինային տրամադրված  14 տոննա հումանիտար օգնության փաստը, որի մասին Ռուսաստանի կողմից հայտարարվելը Բաքվում  գնահատել են որպես  սադրանք ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ. «Պատերազմի օրերին էլ մի քանի անգամ գազատարը պայթեցվեց, հրադադարից հետո, նույնպես, նման դեպքեր եղան, բայց ռուս խաղաղապահներին հաջողվում էր հարցին արագ կերպով  լուծում տալ։ Հիմա՝ երեկվանից, ադրբեջանական կողմն անգամ թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին մոտ գնալ գազատարին, որպեսզի, գոնե, հասկանան՝ ի՞նչ ծավալի վթար է տեղի ունեցել, կամ ինչպե՞ս կարելի է արագ լուծել խնդիրը»։

Խոսելով ադրբեջանական կողմի դրսևորած նմանօրինակ վարքագծի մասին, Մետաքսե Հակոբյանը նկատում է՝ երեկ ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործված Լեռնային Ղարաբաղ անվանումը խիստ բարկացրել է մեր թշնամուն, այն աստիճան, որ ադրբեջանական ԱԳՆ-ն հիստերիկ հայտարարությամբ է հանդես եկել, ընդհուպ մինչև՝ սպառնալիք հնչեցնելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հասցեին՝ասելով, թե մի մոռացեք, որ հենց այստեղ՝ Ադրբեջանի տարածքում են ծառայություն իրականացնում ռուս խաղաղապահ զորքերը. «Թե ի՞նչ է նշանակում այսօրինակ լկտի ձևակերպումը, հավանաբար թողնենք առանց մեկնաբանության, միայն ավելացնեմ, որ երեկվանից,  ողջ Արցախը մնացել է առանց գազի, տներում ցուրտ է և հույս էլ չկա, որ հարցը շուտով լուծում կստանա»,- ասում է պատգամավորը։

Պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել ՀԷԿ -երի մեծ մասը, ինչը խիստ զգացնել է տալիս, որովհետև էլեկտրաէներգիան Արցախում չունի այն ծավալները, որով կարողանան այսպիսի դեպքերում, գոնե, կենցաղային ջեռուցման պարզունակ խնդիրները լուծել։ Հարցին՝  ինչո՞վ է զբաղված Արցախի օրվա  իշխանությունը ստեղծված նման իրավիճակում, Մետաքսե Հակոբյանը պատասխանում է՝ ինչպես միշտ՝ ոչնչով։ Իշխանությունից որևէ կառուցողական քայլ սպասելն, Արցախում այլևս անհույս զբաղմունք է։

Հիշեցնենք, որ  նախօրեից Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։

Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրեբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։

Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։

Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելն ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է։

--00--ԱՀ