Բացահայտվել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթը. Երևանի բնակիչը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

․

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ 2022թ. մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ նշված ավտոճանապարհի Չարենցավանի ցուցանակի մոտ անհայտ անձի դիակ կա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից վարած BYD մակնիշի ավտոմեքենայով հիշյալ ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթացող ուղղության վրա, վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 49-ամյա բնակչին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ դիմել է փախուստի՝ տղամարդուն անզգուշությամբ պատճառելով մահ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչը, ով հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, BYD մակնիշի ավտոմեքենան առգրավվել է, 49-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Նշվում է որ Երևանի բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱՀ