Մահվան ելքով վրաերթ․ դեպքի վայրը լքած 28-ամյա վարորդին ու նրա մեքենան տաք հետքերով հայտնաբերել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հէց

Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ) ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ասաստրյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչների հետ, տաք հետքերով հայտնաբերել են նույն օրը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ կատարած և դեպքի վայրը լքած վարորդին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները կատարել են հսկայածավալ աշխատանքներ, ապա պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, և տարված բացատրական աշխատանքների արդյունքում Չարենցավանի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 28-ամյա Բալաբեկ Գ․-ն։

Վերջինս հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը BYD մակնիշի ավտոմեքենայով նույն օրը՝ գիշերը ժամը 02։00-ի սահմանում։ 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել է, որ մարտի 6-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմանում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, դի կա: Ոստիկաններն ու քննիչները ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս հայտնաբերել էին Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Հրազդանում բնակվող 50-ամյա Գնել Ստեփանյանի դին: Դեպքի վայրում հայտնաբերվել էին ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի կոտրված դետալներ: 

--00—ԼՄ