ՀՀ ԱԺ-ի և Իրանի Մեջլիսի պատգամավորները հանդիպմանը կարևորել են 2 երկրների տնտեսական կապերի զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

․

Հայաստան-Իրան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը, խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը, Գուրգեն Մելքոնյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Նազարյանը մարտի 4-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավորներ Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադի, Մասումեհ Փաշաի եւ ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ռոբերտ Բեգլարյանի հետ:

Գեւորգ Պապոյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունները, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն: Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը` բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային, ենթակառուցվածքային, բնապահպանական մի շարք հարցեր են քննարկվել, որոնք երկուստեք կարեւոր նշանակություն ունեն:

Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը յուրահատուկ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ըստ Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադի` նման հանդիպումները, փոխայցերը կնպաստեն տարբեր բնագավառներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը:

Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհին, համագործակցության ընդլայնման հնարավորություններին, բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցերին: Կարեւորվել է երկու երկրների միջեւ հատկապես տնտեսական կապերի զարգացումը:

--00--ԱՀ