Զինամթերքի չպայթած մնացորդներից Արցախի տարածքի մաքրման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

հասարակական

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ՝ ռազմամթերքից ու զինամթերքի չպայթած մնացորդներից մաքրելով հանրապետության տարածքը:

Արցախից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի ոչնչացման աշխատանքներն այսօր կիրականացվեն բոլոր շրջաններում. Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Սպիտակաշեն, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքների և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում:

Հիշեցնենք, որ սակրավորների հետևողական աշխատանքի շնորհիվ, պատերազմից հետո քաղաքացիական բնակչության շրջանում նախորդ տարի ականային պայթյունի միայն մեկ դեպք է արձանագրվել: Բարեբախտաբար զոհեր ու այլ տուժածներ չունենք:

Ականազերծման և նախատեսվող պայթյունների վերաբերյալ ժամանակին իրազեկումը՝ ծառայության կարևոր մասն է կազմում, ուստի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը համագործակցելով «Ղարաբաղ Տելոկոմ» ընկերության հետ՝ կշարունակի իրազեկման գործընթացը «SMS» հաղորդագրությունների միջոցով:

--00--ԿԿ