44-օրյա պատերազմի հետևանքով մայրաքաղաքում և Ասկերանում վնասվել է 5869 շինություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Ստեփանակերտ

2020թ. 44֊օրյա պատերազմական գործողությունների հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում վնասվել է 5309 շենք-շինություն։

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը՝ ընդգծելով, որ դրանցից 4258-ի վերանորոգման ու վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացնում է քաղաքաշինության նախարարությունը։

«Պետք է նշել, որ նշված օբյեկտներից 1340֊ում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 172֊ում դեռևս ընթացքի մեջ են։ Նախատեսված է շինարարական աշխատանքներ իրականացնել 92 օբյեկտներում, 2654 վնասված շինությունների վերականգնման համար գերատեսչությունը տրամադրել է դռներ և պատուհաններ»,- նշել է մեր զրուցակիցը։

Մ. Դանիելյանն անդրադարձել է նաև ԱՀ Ասկերանի շրջանում արձանագրված հրետակոծության հետևանքներին և մանրամասնել՝ վնասվել է 560 շենք֊շինություն, որոնցից 334֊ում վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են։

«Շինաշխատանքներ են ընթանում 58 օբյեկտներում, իսկ 68֊ում, ըստ նախատեսվածի, գործընթացը կմեկնարկի»,֊տեղեկացրել է մեր զրուցակիցը և հավելել՝ վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով Ասկերանի շրջանում ուսումնասիրության ենթակա մոտ հարյուր օբյեկտ կա։

--00—ՄՀ