Երևանի գերեզմանատներում չարաշահումները բացառելու նպատակով իրավական փոփոխություններ կնախաձեռնվեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

․

Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ տրանսպորտի մասին օրենքում: Նոր նախագիծն արդեն մշակված է և գտնվում է շահագրգիռ ստորաբաժանումների քննարկման փուլում: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրավիրված խորհրդակցության ժամանակ նշել է, որ փոփոխությունները ենթադրում են նոր մոտեցում, որի շրջանակում հնարավոր կլինի նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացում ներգրավել նաև մասնավոր օպերատորների:

 Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից,
մարտի 1-ից «Ժոնգ տոնգ» մակնիշի մեքենաներով սպասարկվող նոր ավտոբուսային երթուղիներով կփոխարինվեն համար 31 և 8 միկրոավտոբուսային երթուղիները: Հաշվի առնելով, որ Երևանում 8 համարի ներքո արդեն իսկ գործող ավտոբուսային երթուղի կա, փոխարինված երթուղին այսուհետ կգործի 11 համարի ներքո: Գործող ուղեգծին զուգահեռ, ի դեպ, 11 համարի երթուղում ներառվել են նաև Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները: Նոր ավտոբուսներով հերթական երթուղիների սպասարկումը նախատեսվում է ապրիլի 1-ին:

«Երևանի գերեզմանատներում հողահատկացումների ոլորտում իրականացվող չարաշահումները բացառելու նպատակով իրավական փոփոխություններ կնախաձեռնվեն Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում: Քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նախորդ շաբաթ Երևան քաղաքի դատախազությունում հրավիրված խորհրդակցության շրջանակում քննարկվել են մայրաքաղաքին վերաբերող մի շարք հարցեր, որոնք հնարավորություն կտան հասցեական միջոցառումներ իրականացնել:

Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր մուտքերը պետք է ապահովված լինեն դռներով և կոդավորված փականներով: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետը նշել է, որ գողությունների դեպքերը հիմնականում գրանցվում են բազմաբնակարան բնակելի այն շենքերում, որտեղ բացակայում են դռներն ու կոդավորված փականները: Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ գույքագրել խնդիրն ու մինչև տարեվերջ ապահովել աշխատանքների իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ արդյունավետ պայքարելու համար հանձնարարվել է արագացնել նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների գործընթացը: Քաղաքապետ Սարգսյանը քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ փողոցում վաճառվող սննդամթերքից, ինչն առաջին հերթին վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ մարդու առողջության համար:

«Մաշտոցի պողոտայում ամենաշատ արտանետումներն են տեղի ունենում. ավտոմեքենաները՝ շատ, խցանումները՝ շատ, էդ ամենը շերտ-շերտ նստում է փողոցում վաճառվող սննդի վրա: Հորդորում եմ քաղաքացիներին գնում չկատարել: Եթե մենք այնտեղից առևտուր չիրականացնենք, նրանք այնտեղ չեն լինելու: Ամբողջ Հյուսիսային պողոտան կարծես առևտրի կենտրոն դարձած լինի: Մենք նաև այլընտրանք ենք առաջարկում այդ քաղաքացիներին, և բոլորիս համար էլ տեսանելի է, որ վերջիններս ամենևին էլ օրվա հացի խնդիր լուծողներ չեն: Այն տնտեսվարողները, ովքեր գրանցված են հարկային դաշտում, իրենք էլ են ընտանիք պահում և արդարացի են դժգոհում, որ հարկեր են վճարում, տարածք վարձակալում, ուրիշ «տնտեսվարողներ» առանց հարկ տալու, տարածքի վարձ տալու նույն ապրանքը բերում, նույն գնով հարևանությամբ փողոցում վաճառում են»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

--00--ԱՀ