Ոստիկանապետն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցության նոր ուղղություններին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ա

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Վահե Ղազարյանը, ողջունելով հյուրին, շնորհավորել է Լիտվայի ազգային տոնի կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և Լիտվայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը։

«Վահե Ղազարյանը, կարևորելով Լիտվայի ոստիկանության պետի նախատեսված այցը Հայաստան, հույս հայտնեց, որ այն ավելի կխթանի երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը։

Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է Լիտվայի դեսպանության ծրագրերին, որոնք ընդգրկում են մի շարք ուղղություններ։ «Նա նաև կարևորելով երկու երկրների իրավապահ կառույցների կապը՝ մատնանշեց արդյունավետ համագործակցության մի քանի օրինակ։
Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Հիմնականում խոսվեց պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման մասին»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ կողմերը քննարկել են համագործակցության նոր ուղղություններին առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

--00--ԱՀ