Թալիբները հայտարարել են Տաջիկստանի հետ սահմանին զորք տեղափոխելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 16,  24 News

տաջիկստան

Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Տաջիկստանի հետ սահման է տեղափոխել պրոֆեսիոնալ պատրաստված «գումարտակներ, որոնք հանդերձված են ՆԱՏՕ-ի ժամանակակից տեխնիկայով և օգնության ուղղաթիռներով»:

Ինչպես Twitter-ում հայտնել է Թալիբների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քարի Ֆասիհուդդին Ֆիթրաթը, այդ զորքերն այնտեղ են տեղափոխել Աֆղանստանի հյուսիս-արեւելքի սահմանները պաշտպանելու համար և անցած գիշեր «տեղաբաշխել զրոյական կետերում»: «Ցանկացած հարեւան երկրի կողմից ամենափոքր սպառնալիքի դեպքում կտրվի կայծակնային պատասխան: Մեր բանակը մեր պատիվն է»,-հայտարարել է թալիբների ներկայացուցիչը, չճշտելով, թե որ երկրից կարող է սպառնալիք ծագել:

Աֆղանստանի Բադախշանի, Թահարի, Կունդուզի հյուսիսարեւելյան նահանգները սահմանակից են Տաջիկստանին: Դեպի Աֆղանստանի հյուսիսային և հյուսիսարեւելյան սահմաններ զորքեր տեղափոխելու մասին Ֆիթրաթն ազդարարել է փետրվարի 14-ին: Խոսքը 10 հազար մարտիկների մասին է, որոնք պատրաստ կլինեն հակահարված տալու ցանկացած զինված հարձակման: Նա նաեւ խոստացել է, որ մարտական ինքնաթիռները պատրաստ կլինեն նրանց աջակցելու համար։

--00—ՄՀ