Էկոնոմիկայի նախարարի տեղակալը ծանոթացել է PROFAL ընկերության արդիականացման ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

․

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը այցելել են PROFAL ընկերության ալյումինե դռների ու պատուհանների և ապակու վերամշակման արտադրամասեր։

Շրջայցի ընթացքում PROFAL համահիմնադիր Մերուժան Ավետիսյանն ու ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, զարգացման տեսլականը, իրականացված և նախատեսվող ներդրումային ծրագրերը։

Ներկայումս PROFAL-ն ունի ավելի քան 10 արտադրամաս՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրական հոսքագծերով։

Ընկերության արտադրանքի արտահանման ծավալների աճին մեծապես նպաստել է 2018 թվականին ծրագրին պետական աջակցությունը տեխնոլոգիական սարքավորումների և հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշման կայացման տեսքով։

Հարկային արտոնություն ստանալով՝ ընկերությունն ավտոմատացրել է իր արտադրությունը, ներկրել եվրոպական առաջատար ու գերժամանակակից սարքավորումներ, ավելացրել արտադրական հզորությունները, ստեղծել նոր աշխատատեղեր:

Առաջիկա 2 տարվա ընթացքում PROFAL-ը պլանավորում է իրականացնել առավել քան 4 մլրդ ՀՀ դրամի ներդրում նոր գործարանի կառուցման, ինչպես նաև արտադրամասերը գերժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար։

Նարեկ Տերյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել ընկերության ընդլայնմանն ուղղված ներդրումային նոր ծրագրի իրականացմանը։

Ընդհանուր առմամբ, 3 տարվա ընթացքում ընկերությունն արդեն իրականացրել է շուրջ 3,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում ևս 1,1 մլրդ ՀՀ դրամ հումքի ձեռքբերման համար ու ստեղծել շուրջ 70 աշխատատեղ։ Այժմ ընկերությունն ունի 356 աշխատատեղ։

Ներկայում ընկերության արտադրանքն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, ԱՄԷ և Կարիբյան կղզիներ։

Այցի շրջանակում պաշտոնյաները ծանոթացել են նաև PROFAL ընկերության կանաչապատման և լանդշաֆտային դիզայնի ուղղության նոր՝ O2 Gardens նախագծին, որը զբաղվում է 1800-ից ավել բազմատեսակ բույսերի, ծառերի, թփերի ներմուծմամբ, աճեցմամբ և խնամքով, առաջարկում է ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մոտեցումներ, լանդշաֆտային դիզայնի ծառայությունների ամբողջական փաթեթ:

Ընկերությունը O2 Gardens նախագծի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և ջերմատան ստեղծման նպատակով օգտվել է նաև լիզինգի պետական աջակցության ծրագրից։

PROFAL ընկերությանն աջակցություն է ցուցաբերել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (Enterprise Armenia)՝ տրամադրելով համալիր աջակցություն անհրաժեշտ բոլոր գործընթացներում և պետական մարմինների հետ աշխատանքներում։

--00--ԱՀ