Դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

լույս

Բոլոր ժամանակաշրջաններում իշխանությունների և դատախազաքննչական մարմինների կամքը դակող դատավորի համբավ ունեցողներից ամենաէքսցենտրիկ դատավորի՝ Արմեն Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից՝ Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանների միջնորդության հիման վրա։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, դատավորն անգամ չէր ծանուցել պաշտպանության կողմին և կալանավորման որոշում կայացրել՝ առանց մեղադրյալին և պաշտպաններին լսելու, իսկ այն բանից հետո, երբ ՍԴ-ն արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ, Սարգսյանն ազատ էր արձակվել։

Արթուր Սարգսյանի փաստաբանները դեռևս նոյեմբեր ամսին՝ դատավոր Դանիելյանի կայացրած որոշումից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար, ինչպես նաև՝ դիմել են ՀՀ արդարադատության նախարարությանը և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով հարուցել կարգապահական վարույթ։

Պաշտպանները պնդում էին, որ դատավորը կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ և թույլ է տվել քրեական իրավունքի և դատավարության կարևորագույն սկզբունքների խախտումներ։

Ի վերջո, էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ ԲԴԽ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը դեռևս չի ստացվել։

--00—ԼՄ