Արարատում Jeep Grand Cherokee-ի և ՎԱԶ 21066-ի բախման հետևանքով հոսպիտալացված վիրավորները մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

լույս

Հիվանդանոցում մահացել են Ճամբարակ քաղաքի բնակիչ, 33-ամյա Սոս Բալյանն ու Երևանի բնակիչ, 32-ամա Հրայր Սահակյանը․ նրանք հիվանդանոց էին տեղափոխվել փետրվարի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ փետրվարի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել էին Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Մ․-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի և 32-ամյա Հրայր Ս․-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Հրայր Ս․-ն և նրա ուղևորը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Սոս Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվ էին գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ Վերջիններս գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում։  

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։   

--00—ԼՄ