Գորիսի արոտավայրերի, ցանքատարածությունների շուրջ 31 տոկոսը թշնամու վերահսկողության տակ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Հասարակական

Գորիս համայնքի արոտավայրերի, ցանքատարածությունների շուրջ 31 տոկոսը թշնամու վերահսկողության տակ է, անասնագլխաքանակի մոտ 28 տոկոսի կորուստ ունենք: Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Յոլյանի խոսքերով՝ գյուղատնտեսության ձևաչափը պետք է փոխվի։ «Եթե նախկինում անասունը դուրս էր գալիս բաց դաշտ արածելու, հիմա ավելի շատ փակ տարածքներում պետք է հնարավորություններ ստեղծվեն, խելացի գոմեր կառուցվեն և այլն։ Բազմաթիվ են մտահոգությունները․ սկսած ազոտական պարարտանյութից, եթե սուբսիդավորում չլինի, գյուղացիներն այս թանկացումների ֆոնին լուրջ դժվարությունների առջև կկանգնեն։ Այլընտրանքային մեխնիզմներ պետք է մշակվեն, իսկ եթե սահմանապահ գյուղերի նկատմամբ չլինի պետական աջակցություն և համալիր ծրագիր, մենք պարենի լուրջ խնդիր կունենանք»։

Գորիսի փոխհամայնքապետն ասաց, որ բազմաթիվ ծրագրեր պետք է ներդրվեն։ «Օրինակ՝ Որոտանում հնարավոր է այգեգործությունը զարգացնել։ Ակների, Վերին Շենի արոտավայրերը հիմնականում Իշխանասարի հատվածում են եղել, հիմա մի մասը թշնամու վերահսկողության տակ է։ Հատկապես գարնանը կրկին սահմանային խնդիրներն օրակարգ են գալու այն իմաստով, որ տաքանում են եղանակները, թշնամին անցնում է սահմանը, անասունները գողանում է ու ետ չի վերադարձնում։ Պարզ է, որ պետք է նաև այլընտրանք առաջարկվի»։ 

Իրինա Յոլյանն ասաց, որ Վերիշենում կարող է ճաղաթթվի արտադրություն լինել։ «Բնակավայրերի գյուղատնտեսական մթերքը պետք է բրենդավորվի, արտադրություն պետք է լինի, այսինքն՝ բազմաթիվ ծրագրեր կան, գաղափարներ կան, մարդիկ ուզում են մնալ իրենց բնակավայրերում, աշխատել, որևէ մեկը չի ցանկանում արտագաղթել», - շեշտեց նա։

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը 24News-ին ասաց, որ օգոստոսից սկսած անձամբ շրջայց է կատարել մարզի բոլոր համայնքներում։ «Երբ հասցրել եմ, նաև վարչական բնակավայրեր եմ այցելել, որպեսզի հասկանամ խնդիրն ինչպես լուծել տեղի բնակչի, հենց վարչական ղեկավարի հետ։ Ու ծրագիր եմ մշակել, առաջարկել եմ, որպեսզի հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրություն կազմակերպենք։ Նույնիսկ մասնագետի, գիտնականի հետ եմ խոսել, որպեսզի մենք տեղում կազմակերպենք սեմինարներ՝ անմիջապես գիտնականի կողմից թեման մատուցելու համար»։

Բունիաթյանի խոսքերով՝ արոտավայրերի խնդիրներ ունեցող համայքներում տարածքներ են առաձնացվելու՝ խելացի գոմեր կառուցելու և հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրություն կազմակերպելու համար, սակայն կառուցումն արդեն բնակիչը, տնտեսվարողը պետք է իրականացնի, պետությունը չի սուբսիդավորելու։ «Աշխատանքներ ենք տանում տարբեր կազմակերպությունների հետ։ Կոնկրետ ես հիմա աշխատում եմ հայ-ֆրանսիական հիմնադրամի հետ, որպեսզի կարողանանք տարբեր համայնքներում մի քանիսը կառուցել, որից հետո արդեն տնտեսվարողը շահագրգռված կլինի։ Արոտների պակասն արդեն այդքան չի զգացվի, եթե կարողանանք ներդնել հիդրոպոնիկ եղանակով արտադրությունը», - ասաց նա։

Մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ անասուն կորցրած գյուղացիներին փոխհատուցելու հարցով քննարկում եղել է կառավարության հետ, սակայն դժվարացավ արդյունքների մասով ստույգ բան ասել։

--00--ԿԿ