Օկուպացված Ակնաղբյուրի բնակիչների համար նոր բնակավայր կկառուցվի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 5,  24 News

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահականից։

Երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։

Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով:

Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ.-ի սկզբին:

--00--ԱՀ