Օնիկ Գասպարյանի փաստաբանն ու Հակակոռուպցիոն կոմիտեն չեն հերքում հարցաքննության փաստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հասարակական

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։

24News-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը սակայն հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունը՝ չհերքելով հարցաքննման փաստը։ «Չեմ կարող պատասխանել Ձեր հարցերին, իր հետ փորձեք կապ հաստատել», - եզրափակեց Մարտիրոսյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ չհերքելով սակայն հարցաքննության փաստը։

2020 թվականի նոյեմբերի 19-ին ԶՈՒ ԳՇ նախկին պետ, պաշտպանության նախարարության վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս հայտարարել էր, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, ԶՈՒ-ում կրճատվել է մարտավարական օղակը, վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։ Այս հայտարարությունների հիման վրա նախկին Հատուկ քննչական ծառայությունում, որի փոխարեն ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտեն, քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը:

Հակոբյանի խոսքերին նույնը օրն արձագանքել էր վարչապետի այն ժամանակվա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ նշելով, որ այդ հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ «Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ եւ ըստ պատեհության կանդրադառնա դրանց: Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաեւ վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գևորգյանը։

--00--ԿԿ