Տեղահանված արցախցիներին ԱԳՆ-ից խոստացել են «շուտափույթ հանդիպում» կազմակերպել ղեկավարության հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հասարակական

Արտաքին գործերի նախարարությունից խոստացել են հնարավորինս շուտ հանդիպում կազմակերպել Քաշաթաղից, Շուշիից, Հադրութից տեղահանվածների ներկայացուցիչների հետ։ Այս մասին 24News-ին ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյանը։

Այսօր ժամը 12։00-ից վերոնշյալ հատվածներից 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիները երթով շարժվել էին Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ, հետո՝ ԱԳ նախարարություն։ Գերատեսչութուններին էին փոխանցվել նամակ-դիմումներ։ Երթը մեկնարկել էր Հանրապետության հրապարակի շատրվանների մոտից։

Հայրյանն ասաց, որ ԱԳՆ-ի լրատվական բաժնի աշխատակիցը խոստացել է ԱԳՆ ղեկավար կազմի հետ շուտափույթ հանդիպում կազմակերպել։ «Ասեցին, որ ղեկավար մարդ չկա այնտեղ, մի մասը հիվանդ է, մի մասն էլ արտասահմանում է։ Ասեցին՝ շուտափույթ հանդիպում կկազմակերպեն, պիտի հասկանանք՝ «շուտափույթը» երբ կլինի։ Ասաց՝ «ազնիվ խոսք եմ տալիս, կկազմակերպեմ»։ Գրավոր դիմումը թողեցինք, եկանք», - եզրափակեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահը։

Ավելի վաղ ԱԳՆ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Հայրյանն ասել էր, որ դիմումի մեջ տեղ են գտել հետևյալ պահանջները՝ Արցախի Հանրապետության վերադարձը և առնվազն 1994 թվականի սահմանների ճանաչումը, տեղահանվածներին փախստականի կարգավիճակի տրամադրում, իսկ փախստականի կարգավիճակի տրամադրման պարագայում Հայաստանում տեղահանվածների բնակության համար առանձին ավանի կառուցում։

Նշենք, որ համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ հունվարի 25-26-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով պետք է լիներ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում՝ հանդիպելու Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ, այցելելու Լյուքսեմբուրգի համալսարան:

--00--ԿԿ