ԵՊՀ կենսաբաններն ուսումնասիրելու են միացություններ, որոնք արգելակում են ուռուցքի աճը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման:

Ծրագրի ղեկավար, լաբորատորիայի գիտաշխատող Անուշ Ասատրյանը պատմեց, որ քաղցկեղի բուժման ընթացքում լայնորեն կիրառվում է բլեոմիցին-ցիսպլատին համակցված կամ մուլտի-ագենտային քեմոթերապիան, ինչը թույլ է տալիս նվազեցնել կիրառվող նյութերի կուտակումն առողջ բջիջներում, մեծացնում բուժման արդյունավետությունը և նվազեցնում ցիտոտոքսիկ նյութերի կողմնակի ազդեցությունը: 

«Ակնկալվող տվյալների շնորհիվ մշակվելու են բլեոմիցին-ցիսպլատին կոմբինացված քեմոթերապիայի նոր սխեմաներ նվազագույն դեղաչափերի կիրառությամբ, ինչն արգելակելու է այդ միացությունների ազդեցությունն առողջ հյուսվածքների և օրգանների վրա»,- նշեց Ա. Ասատրյանը:

Հակաուռուցքային դեղամիջոցների շարքին պատկանող միացությունների ստվար խմբի գործունեությունն ուղղված է բջիջների բազմացման արգելակմանը: Այդպիսի ազդեցություն ունեն ալկիլացնող միացությունները, որոնք, կովալենտ կապեր առաջացնելով ԴՆԹ-ի հետ, խաթարում են բջիջների գործունեությունը և, ի վերջո, արգելակում ուռուցքի աճը:

Ծրագրի ղեկավարի համոզմամբ, սպասվող արդյունքը բացահայտելու է այն փոփոխականները, որոնք սահմանափակում են բարձր դեղաբաժիններով կիրառվող ցիսպլատինի և այլ ցիտոտոքսիկ դեղերի կուտակումն առողջ բջիջներում:

Թեման ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն:

--00--ՍԳ

Տեսանյութեր