60 նոր հայց․ 2021-ին պահպանվել է լրագրողների և ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի հոսքը․ տարեկան զեկույց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

հայց
2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար չափազանց բարդ տարի էր։ Դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր ճգնաժամով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեժ պայքարով և այդ գործընթացները լուսաբանող լրագրողների նկատմամբ բազմաթիվ ճնշումներով և սահմանափակումներով, ընդ որում՝ նաև իրավական մեխանիզմների կիրառմամբ։

Այս ծայրահեղ լարված իրավիճակում առավել ընդգծվեցին ԶԼՄ-ների բևեռացվածությունն ու դրանց մեծամասնության քաղաքական պայքարի մեջ ներգրավվածությունը, ինչն իրենց զեկույցներում արձանագրել են նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունները։ Սպասարկելով կոնկրետ կուսակցության կամ դաշինքի շահերը՝ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հաճախ դրսևորում էին լրագրությանը ոչ բնորոշ պահվածք, անտեսում մասնագիտական էթիկայի նորմերը։ Նրանցից շատերը,  նույնականացվելով իրենց հովանավորող քաղաքական ուժի հետ, թիրախավորվում էին, ենթարկվում հարձակումների։ Նմանատիպ դրսևորումներ առավել հաճախ են գրանցվել զանգվածային միջոցառումների՝ ցույցերի, երթերի ու հանրահավաքների ժամանակ, այդ թվում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանում։ Հատկապես առաջին և երկրորդ եռամսյակներին, երբ երկրում բողոքի լայնածավալ ակցիաներ էին ընթանում, աճեց լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների քանակը՝ համապատասխանաբար 7 դեպք (8 տուժող) և 8 դեպք (9 տուժող)։ Երրորդ եռամսյակում նման դեպքերի թիվը նվազել է՝ հասնելով 3-ի, և դրանք բոլորը տեղի են ունեցել ոչ թե փողոցում, այլ Ազգային ժողովում՝ իրավապահների ու պատգամավորների կողմից լրատվամիջոցների հանդեպ դրսևորած անհանդուրժողականության արդյունքում։ Չորրորդ եռամսյակում որևէ նման փաստ չի գրանցվել։ Այսպիսով, տարվա ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 18 դեպք։ Ինչ վերաբերում է տարատեսակ այլ ճնշումներին, ապա դրանք 107-ն են։

Սույն զեկույցի համապատասխան բաժիններում ներկայացված են լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու տարատեսակ ճնշումների դեպքերը, այդ թվում՝ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների, հայտնի քաղաքական գործիչների աղմկահարույց գործողություններն ու պահվածքը։ Այդպիսի վարքագծով, մասնավորապես, աչքի են ընկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Հայկ Սարգսյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այլոք։

Պահպանվել է զրպարտության և վիրավորանքի հիմքով ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացված դատական նոր հայցերի մեծ հոսքը՝ 60 նոր հայց թիվը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 1-ով։ Այս միտումը հատկապես մտահոգիչ է իշխանությունների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների ֆոնին։ Այսպես՝ մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումների առավելագույն չափերը եռապատկվեցին։ Սրան հաջորդեց մեկ այլ ռեգրեսիվ գործընթաց․  օգոստոսի 30-ին ուժի մեջ մտավ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքը, որով քրեականացվեց, այսպես կոչված, «ծանր վիրավորանքը»՝ հայհոյանքը։ Ընդ որում՝ առավել պաշտպանության տակ առնվեցին հանրային ու պետական գործունեություն իրականացնողները, մի քանի այլ խմբեր, որոնց վիրավորելն ավելի խիստ պատիժ է նախատեսում, քան շարքային քաղաքացու դեպքում, ինչը խտրական վերաբերմունքի դրսևորում է: Օրենսդրական այս փոփոխությունները վտանգավոր են այն առումով, որ իշխանության ներկայացուցիչները, քաղաքական գործիչները իրենց հասցեագրված քննադատությունն ու սուր խոսքը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և դիմում են դատարան՝ փորձելով ճնշել քննադատողներին։ Այսինքն՝ վերոհիշյալ օրենքները պարարտ հող են ստեղծում ընդդեմ ԶԼՄ-ների ներկայացվող դատական հայցերի համար։ Մինչդեռ այդպիսի հայցերի 25 տոկոսը հենց պետական պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից են: Հեղինակավոր միջազգային կազմակերպությունները խիստ քննադատության ենթարկեցին այս նոր օրենքները։

Դեկտեմբերի 10-ին ԱԺ-ն ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը նույնպես քննադատության էր արժանացել լրագրողական հանրության կողմից։ Թեև նախաձեռնության հեղինակները որոշ չափով հաշվի էին առել ԽԱՊԿ-ի և այլ կազմակերպությունների փորձագետների առաջարկությունները, այդուհանդերձ, մի շարք կարևոր խնդիրներ չլուծվեցին, այդ թվում՝ կապված պետական կառույցներում լրատվամիջոցների հավատարմագրման մերժման հետ։

Վիճակը բարվոք չէ նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի ապահովման առումով։ Տարվա ընթացքում գրանցվել է այդ իրավունքի 99 խախտում։

2021 թվականի ընթացքում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 18, ճնշումների 107 դեպք, տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի 99 խախտում:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Դիտարկման արդյունքները ինֆոգրաֆիկայով՝ ԱՅՍՏԵՂ։

--00—ԼՄ