ՀԱՊԿ նոր կարգավիճակը։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը նոր դերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Քաղաքական
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը Patreoni իր էջում հոդված է հրապարակել՝ բարձրաձայնելով Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՀԱՊԿ նոր կարգավիճակի մասին հարցն ու Հայաստանի անելիքների թեման։ 

Ստորև ներկայացնում ենք այն։ 

«2022-ի տարեմուտին Ղազախստանում սկիզբ առած ցույցերը, որոնք սկզբում զուտ տեղային նշանակության խնդիրներ էին բարձրաձայնում, ընդամենը երկու օրվա ընթացքում վերաճեցին աշխարհաքաղաքական կարևորության մեծ իրադարձության։ Թեև շատ վերլուծաբաններ ու փորձագետներ խոսում են ղազախական դեպքերի նախապես պլանավորված լինելու հնարավորության մասին, այդ երկրում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման արագ ընթացքը, ըստ ամենայնի, անսպասելի էր ոչ միայն Ղազախստանի բնակչության ու էլիտաների, այլև աշխարհաքաղաքական գրեթե բոլոր կենտրոնների համար։ Ամեն դեպքում, այդ զարգացումներից ընդամենը մի քանի օր առաջ որևէ մեկը ոչ միայն կանխատեսել, այլ մտածել անգամ չէր կարող այն մասին, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորքերը մուտք կգործեն Ղազախստան։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, և հիմա արդեն բոլոր քննարկումներն ու կանխատեսումները փաստացի տեղի են ունենում պոստֆակտում ռեժիմում։

Հիշեցնենք, երկրի ներսում սկիզբ առած զանգվածային անկարգությունները կասեցնելու նպատակով ս.թ. հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների օգնությանը։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Քիչ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ղազախստանում իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկել Ղազախստան։ Հայաստանից միջինասիական այդ հանրապետություն մոտ 100 զինծառայողներ են մեկնել, որոնք մեկ շաբաթ մնացել են Ղազախստան և, իրենց առաքելությունն ավարտված համարելով, հունվարի 12-ին վերադարձել Հայրենիք։

Ղազախստանում իրավիճակը, իհարկե, դեռ հեռու է ամբողջական հանգուցալուծումից։ Ակնհայտ է՝ ներքաղաքական զարգացումներն այդ երկրում կարող են ամենաանսպասելի ուղղություններով ընթանալ։ Բայց շատ կարևոր մի փաստ արդեն իսկ արձանագրված է՝ ղազախական ճգնաժամը միանգամայն այլ հարթություն տեղափոխեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Այսուհետ սա մի կառույց է, որն ի ցույց է դրել իր հետաքրքրությունների ու շահերի թիրախում գտնվող տարածաշրջաններում ուժ գործածելու պատրաստակամությունն ու հնարավորությունը։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները, որոնք մինչ այս կարողանում էին խուսանավել աշխարհաքաղաքական գլոբալ մրցակցության հիմնական կենտրոնների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի միջև, այլևս զրկված են լինելու այդ հնարավորությունից։ Եվ դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ ՀԱՊԿ նախագահող երկիրը Հայաստանն էր։ Ավելին, ՀՀ իշխանությունները փորձեցին առավելագույնս գովազդել «ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ գործարկելու» իրենց կարողությունը, ինչը նաև նշանակում է, որ պաշտոնական Երևանը լիովին ստանձնում է ՀԱՊԿ-ը վերափոխելու և աշխարհաքաղաքական հակամարտության մեջ իրական ռազմաքաղաքական գործոն դարձնելու պատասխանատվությունը»։ 

Ամբողջական նյութը կարդալու համար խնդրում ենք Ոսկանապատի հետևորդներին բաժանորդագրվել հետևյալ հղմամբ՝ https://www.patreon.com/posts/61617991