Դումանյանը ռեկտորների հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

․

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները:

Օրակարգի առաջին հարցը վերաբերել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի լրամշակված նախագծի քննարկմանը: Ներկայացնելով նախագիծը` ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախագծի նոր տարբերակում երկու սկզբունքային փոփոխություն է արվել. խմբագրվել են Սահմանադրական դատարանի կողմից 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթները, որոնք վերաբերում էին բուհերի ռեկտորների ընտրությանը, ինչպես նաև փոխվել են Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին ու գործունեությանն առնչվող դրույթները:

Անդրադառնալով ռեկտորի՝ հանրային լայն արձագանք ստացած ընտրության դրույթին` Վահրամ Դումանյանը նշել է, որ նոր նախագծով՝ կառավարման խորհրդի անդամների թիվը սահմանվել է 12, որից 6-ը բուհի ներկայացուցիչներ են, իսկ մյուս 6-ը՝ լիազոր մարմնի առաջադրած ներկայացուցիչներ։

Փոփոխություն է նախատեսվել նաև ռեկտորի ընտրության կարգում: Ըստ խմբագրված օրինագծի` ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով վարկանիշային քվեարկությամբ։ Խորհրդի որոշմամբ՝ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի ընտրությանն է առաջադրվում ընտրանքային փուլին մասնակցած և փակ գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի կողմ ձայները ստացած մինչև երեք թեկնածություն: Լիազոր մարմնի ղեկավարը ներկայացված թեկնածուներից մեկին նշանակում է ռեկտոր` նրան ներկայացնելով հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ կնքելու աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով:

«Այսինքն` խորհրդի անդամն իրավունք կունենա կողմ քվեարկելու ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածուների օգտին: Լիազոր մարմնի ղեկավարը հետագայում նշանակում կանի` ընտրելով հիսուն տոկոսից ավելի կողմ ձայն ստացած որևէ թեկնածուի: Տեսականորեն, եթե բուհի կառավարման խորհուրդը ռեկտորի ընտրության հարցում կունենա հստակ կողմնորոշում և հիսուն տոկոս+1 ձայն կտա ընդամենը մեկ թեկնածուի օգտին, ապա հենց այդ թեկնածուն էլ կդառնա ռեկտոր»,- պարզաբանել է Վահրամ Դումանյանը` ավելացնելով, որ այս լուծումն առաջարկվել է՝ ԲՈՒՀ-երում ռեկտորի ընտրությամբ պայմանավորված լարվածությունը նվազեցնելու նպատակով:

--00--ԱՀ