34-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է «Երևանյան խոհանոց»-ի տարածք՝ դառնալով ավերածության հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

․

Այսօր՝ հունվարի 21-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Աբելյանը Սարյան փողոցում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Երևանյան խոհանոց»-ի տարածք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Գագիկ Եսոյանն ու Գրիգոր Սարգսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չանցնեն տարածք, քանի որ ավերածության արդյունքում բարձր լարման էլեկտրական լարերը պոկվել էին, ու եթե պարեկները տեղում ծառայություն չիրականացնեին, ապա քաղաքացիները կանցնեին այդ հատվածով, և չէր բացառվի, որ կլիներ հոսանքահարման դեպք։ 

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ 

--00--ԱՀ