Ալիևն ընդունել է Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչներին, խոսել խաղաղության օրակարգից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Բաքվում գտնվող՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի Եվրոպական աշխարհամասի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, գրում է «Ազատությունը»:

Ըստ աղբյուրի՝ Ալիևը շնորհավորանքներ է փոխանցել Ֆրանսիայի կողմից ԵՄ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դաշինքում Ֆրանսիայի նախագահությունը կլինի հաջող և արդյունավետ։

Ադրբեջանի նախագահը նաև «գոհունակությամբ է հիշել անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ ունեցած հանդիպումները»։

Իլհամ Ալիևը նաև բարձր է գնահատել Ֆրանսիայի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ այդ ձևաչափով հանդիպումը՝ ընդգծելով, որ այն դրական հնարավորություններ է ստեղծում Բրյուսելում քննարկված խաղաղության օրակարգի զարգացման համար։

Աղբյուրը նաև նկատում է, որ ֆրանսիացի պաշտոնյայի այցը Ադրբեջան տեղի է ունենում Բաքվի և Փարիզի հարաբերություններում հերթական լարվածության ֆոնին։ Ֆրանսիայի արտգործնախարարը շաբաթասկզբին անընդունելի է որակել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Իլհամ Ալիևի կոշտ հայտարարությունները , որոնք հարուցել են ֆրանսիական քաղաքական շրջանակների զայրույթը։ Ժան-Իվ Լը Դրիանը Ադրբեջանի նախագահին հիշեցրել է, որ Պեկրեսը Ֆրանսիայի ժողովրդի կողմից ընտրված քաղաքական գործիչ է։

Ադրբեջանի նախագահը դատապարտել էր Ֆրանսիայի նախագահի թեկնածուի այցը Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ նրան անցանկալի անձ է հռչակել՝ Պեկրեսի անունը ներառելով ադրբեջանական «սև ցուցակում»։

--00—ԼՄ