Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

նկար

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը։

Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով Դեմոկրիտոս Զերվակիսին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց “The Armenian Genocide Through the Cypriot Press 1914-1923 With Reference to Earlier Massacres” գիրքը:

Իր հերթին Դեմոկրիտոս Զերվակիսը շնորհակալություն հայտնեց պարոն Հարություն Մարությանին ջերմ ընդունելության համար և նվիրեց Կիպրոսի Հանրապետության պատկերով հուշանվեր:

--00—ԼՄ