Մանվել Գրիգորյանի գույքը միայն կալանքի տակ է վերցվում, բռնագանձում է դատարանը. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Հասարակական

Դատարանը որպես հայցի ապահովման միջոց կալանք է կիրառել Մանվել Գրիգորյանի ընտանիքի գույքի նկատմամբ, սա ոչ թե բռնագանձման դրսևորում է, այլ միայն հայցի նախնական ապահովման միջոց՝ հետագայում հնարավոր բռնագանձումը կատարելու դեպքում, եթե դատարանում կհիմնավորվի, որ այդ գույքն ապօրինի ծագում ունեցող է: Այս մասին չորեքշաբթի 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Մինչ այդ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ մամուլում տեղ գտած իբր դատախազության կողմից արված այն իմպերատիվ հայտարարությունը, որ ժառանգության գույքը ենթակա է բռնագանձման, դիտում է դատախազության կողմից արդարադատությանն ուղղված տոտալ ճնշում, որն անթույլատրելի է։ «Գրիգորյանի գույքի վրա տևական ժամանակ է, որ կալանք է դրված, նրա կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել»,-գրել էր փաստաբանը։ 

Գոռ Աբրահամյանն ընդգծեց, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է միայն որպես հայցի ապահովման միջոց կալանք կիրառելուն: 

«Համապատասխան ծանուցագիր է հրապարակվել այն անձանց վերաբերյալ, որոնց առնչվել է տվյալ ուսումնասիրությունը: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին: Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և կալանք կիրառել նրանց գույքի նկատմամբ, այս գործի առանձնահատկությունը նրանում է, որ սա քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտում գտնվող գործընթաց է և հետախուզումն իրականացվում է ոչ թե անձի, այլ գույքի նկատմամբ, իսկ մահվան հանգամանքը վարույթը բացառող հանգամանք չի հանդիսանում: Հետևաբար, սահմանաված ընթացակարգով ու օրենքի պահանջներին համապատասխան գործընթացն իրականացվել է»:  

Ինչ վերաբերում է կնոջն ու որդիներին դատախազություն չհրավիրելուն՝ Աբրահամյանն ասաց, որ ծանուցումը ինքնին արդեն հրավեր է: «Ծանուցվում է, որ գան՝ գործին ծանոթանան և դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտեն»:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։

Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գեներալ–լեյտենանտը մահացավ 2020 թ-ի նոյեմբերի 19-ին:

--00--ԿԿ