Արցախում ուշադրություն չեն դարձնում ադրբեջանցիների՝ բնակարանները գնելու առաջարկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Հասարակական

Ադրբեջանցիներն արցախցիներին առաջարկում են վաճառել իրենց բնակարանները, այս առաջարկները նոր չեն: Այս մասին չորեքշաբթի 24News-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը: 

Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, որ Արցախի մեր հայրենակիցները զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսել են Ստեփանակերտում նման խոսակցություններ պտտվել, իսկ վերջին շրջանում այդ զանգերն ավելի հաճախակի են դարձել։    

Նա նշեց, որ հիմնականում ադրբեջանցիները սոցիալական հարթակներում են նման առաջարկներ հնչեցնում: 

«Այստեղ դրան արդեն նշանակություն չեն տալիս, ավելին՝ այդ արշավը 44-օրյա պատերազմից առաջ էլ կար: Այսօր Արցախում չեք գտնի անգամ մեկի, որը նման առաջարկ կընդունի, եթե, իհարկե, նա հոգեկան շեղումներ չունի: Ամեն դեպքում ԱԱԾ-ն զբաղվում է, իսկ սոցիալական կայքերը, գիտեք, դրանք չեն վերահսկվում: Եթե հայկական կողմից նման առաջարկներն ընդունված լինեն՝ ադրբեջանական կողմի համար, կարծում եմ, լավ առիթ կլինի միջազգային հարթակներում կամ բանակցություններում ասել, թե տեսեք՝  հայերն ամենևին էլ դեմ չեն հեռանալուն: Բայց, վստահեցնում եմ, չկա այդպիսի ադրբեջանցի աշխարհում, ում համար Արցախն հայրենիք է, այս առումով Արցախն իրենց բացարձակ հետաքրքրիր չէ, նրանք ովքեր էլ գալիս են գրաված տարածքներ՝ մեկ նպատակ ունեն, նրանք ուղղակի թալանով են զբաղված ու վայրենություններով: Եթե այդպես լիներ՝ հիմա Շուշին բնակեցված կլիներ, բնականաբար, որևէ մեկը չի գալու այստեղ ապրելու»: 

Արցախի նախագահի հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ նման բան չկա: 

«Այսօր Արցախում ինչ տեղեկություն ասես տարածում են, չկա նման բան: Բոլորովին վերջերս մի տեսանյութ էր տարածվել, թե իբրև ռուսները թույլ չեն տալիս Արցախ ալյուր տանել: Նման բան էլ չկա: Ռուս խաղաղապահների լիազորությունների մեջ չի մտնում ստուգել տոպրակները՝ նոր թողնել: Ռուսները ստուգում են միայն փաստաթղթերը, եթե Հայաստանի քաղաքացի է՝ թույլ են տալիս մտնել, եթե ադրբեջանցի լինի՝ կատոգորիկ կերպով թուլ չեն տա: Ընդամենը հարցնում են՝ զենք- զինամթերք տանում եք, եթե պատասխանը բացասական է, ապա թույլ են տալիս շարունակել ճանապարհը: Իսկ բնակարանների մասով ես նման տեղեկություն չունեմ: Հիմա Արցախում սուտ լուրեր տարածողները շատ են»:

Հարցին, թե Արցախի օրենսդրությունը ինչ է նախատեսում՝ կարող է օտարերկրյա քաղաքացին բնակարան կամ հող ձեռք բերել Արցախում՝  նա պատասխանեց, որ նման հնարավորություն օրենքը նախատեսում է:

«Բայց մենք հիմա խոսում ենք մի բանից, որ գոյություն չունի, ամեն դեպքում մեր համապատասխան մարմինները ստուգում են»,-հավելեց Բադասյանը:

--00--ԿԿ

Տեսանյութեր