Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Հասարակական

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հիշեցնում է, որ ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ   երկարաձգվել էր 3-րդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքի դրույքաչափերի արտոնությունների ժամկետը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ որոշմամբ սահմանվել են նաև այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը,  որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում 2020 թվականի ընթացքում կիրառվել են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր դրույքաչափեր: Որոշումը թեպետ ուժի մեջ էր մտել հունիսի 12-ից, սակայն ուներ հետադարձ ուժ:

Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում էր նաև 2020թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. հունիսի 12-ից կազմակերպել է այդ ապրանքների ներմուծման ժամանակ բարձր դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի տարբերության վերահաշվարկման և տնտեսվարողների վերադարձման գործընթաց:

Կոմիտեում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020 թվականի ընթացքում ներկայացված 3808 հայտարարագրերում մաքսատուրքի գումարները հաշվարկվել և գանձվել են բարձր դրույքաչափերով: Տնտեսվարողների մի մասն օգտվելով ընձեռված հնարավորությունից, դիմել է ՊԵԿ և փոփոխություններ կատարել նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում՝ ավելի բարձր մաքսատուրքի դրույքաչափերը փոխարինելով որոշմամբ սահմանված ավելի ցածր դրույքաչափերով: Սակայն դեռևս 1678 կազմակերպություն տարբեր պատճառներով նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում չեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է՝ ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև հունիս 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, փոփոխություններ կատարեն նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում, որպեսզի կարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները:

Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը:

--00--ԿԿ