Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները կարող են ճանապարհ փակել․ դեմ են Սևանի մեջ մտնելուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Հասարակական

Կառավարության կողմից Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների ՏԻՄ ընտրություններին չմասնակցելուն առայժմ ոչ մի արձագանք չկա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը։

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները չէին մասնակցել Սևան խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Չմասնակցելու պատճառն այն էր, որ կառավարության որոշմամբ՝ Ծովագյուղն ու Սեմյոնովկան մտնում են Սևան խոշորացված համայնքի մեջ։ Իսկ համայնքների բնակիչները դեմ են Սևանի կազմի մեջ մտնելուն, նրանք ցանկանում են, որ միայն Սեմյոնովկան ու Ծովագյուղը միավորվեն։

Սեմյոնովայի ղեկավարի ԺՊ Դավիթ Մնացականյանն ասաց, որ իր պահանջը բարձրացնելու համար ժողովուրդը որոշել է հունվարի 24-ին ճանապարհ փակել։ «Տեսնենք ինչ ենք անում։ Ուզում են ճանապարհ փակեն, հարցին լուծում ստանան», - ընդգծեց նա՝ հավելելով, որ պահանջելու են Սեմյոնովկայի և Ծովագյուղի միավորումը մեկ ընդհանուր համայնքի մեջ։ 

Սեմյոնովկայի ղեկավարի խոսքերով՝ Սևանի նորընտիր համայնքապետ Սարգիս Մուրադյանը դեռևս որևէ լիազորություն չունի հիշյալ համայնքների ղեկավարման վրա, առայժմ չի հանդիպել բնակիչների հետ՝ խնդիրը քննարկելու համար։ Հարցին՝ ե՞րբ են իրենց խնդրով դիմել կառավարությանը և արձագանք չեն ստացել, պատասխանեց․ «Ինչի՞ կառավարությունը տեղյակ չէ մեր խնդիրներին»։

Ծովագյուղի համայնքի ղեկավարի ԺՊ Վահրամ Գևորգյանը 24News-ին ասաց, որ իրենց բարձրացրած հարցով դեռևս սպասում են կառավարության պատասխանին։ «Հուսով ենք, որ կառավարությունը կարձագանքի, բացառիկ դեպք է պատմության մեջ, որ այս կերպ բնակչությունը չմասնակցի ՏԻՄ ընտրություններին․ մարդիկ իրենց խոսքն ասել են ընտրությունով», - նշեց Գևորգյանը։

Գևորգյանն ասաց, որ Սևանի նորընտիր համայնքապետի հետ խնդիր չունեն։ «Անձերի հետ կապված չէ խնդիրը։ Սևանի համայնքապետն իմ ընկերն է։ Սևանի համայնքապետն էլ է կողմ, որ Ծովագյուղն ու Սեմյոնովկա համայնքներն առանձնանան», - եզրափակեց նա։ 

Գեղարքունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը 24News-ին ասաց, որ հարցն արդեն լուծվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն։ «Սեմյոնովկան և Ծովագյուղը միանշանակ մնալու են Սևանի կազմի մեջ։ Վարչատարածքային օրենքը սրանից ավելի բան չի ասում», - եզրափակեց Վանիկ Հարությունյանը։

--00--ԿԿ