Փաշինյանը գիշերը գողեգող որոշում կայացնելով մեր հայրենակիցների կյանքը չպետք է վտանգի ենթարկեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

«Ղազախստանն այն պետությունն է, որը երբեք չի թաքցրել իր պրոադրբեջանական և հակահայկական մոտեցումները Արցախյան հիմնահարցի վերաբերյալ։ Տոկաևը 2 ամիս առաջ շնորհավորել էր Ալիևին հաղթանակի առիթով  և տարածքային ամբողջականության վերականգման կապակցությամբ, և հասկանալի չէ, թե ինչո՞ւ պետք է հայ զինվորների կյանքը վտանգի ենթարկենք, որպեսզի Ղազախստանում ինչ-որ պրոցեսներ վերահսկվեն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այս որոշման արդյունքում Ղազախստանում բնակվող հայ քաղաքացիները և զինվորները վտանգի առաջ կանգնեցին, ՀՀ-ն չպետք է խոչընդոտեր որոշմանը, բայց նաև պահանջ չկար, որ բոլոր երկրները պետք է զորախումբ ուղարկեին Ղազախստան:

100 հոգին ռազմական խնդիր չի լուծում, և Փաշինյանը չպետք է մեր հայրենակիցների կյանքը վտանգի ենթարկեր և գիշերը գողեգող որոշում կայացներ: Ինչո՞ւ նույն փութաջանությամբ Փաշինյանը ՀԱՊԿ-ից չպահանջեց, որ զորքը գա ՀՀ սահմանները պաշտպանի: Հատկանշական է Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, որ եթե ՀՀ-ում նման մի բան լինի, ՀԱՊԿ-ը կգա իրանց կպաշպանի, այսինքն՝ այս մարդկանց համար շատ ավելի կարևոր է իրենց իշխանությունը, քան ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանամերձ բնակչության ու զինվորների կյանքը»,- ավելացրեց նա: 

Անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգելու որոշմանը՝ պատգամավորը նկատեց. «Հայաստանը Թուրքիայի հետ սիրախաղ է սկսել և պատահական չէ, որ հիմա որոշվեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգել: Դա հերթական չմտածված քայլն է, շատերը, Կառավարությանը հավատալով, ներդրումներ են արել, և իշխանության կողմից որևէ վերլուծություն չի արվել, թե արգելքը ինչ ազդեցություն է ունեցել»: 

Մանրամասները՝ տեսանյութում։