Փաշինյանը Պուտինին դուր գալու համար զորք ուղարկեց Ղազախստան. քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Քաղաքական

«Հայաստանը Ղազախստանում տիրող իրավիճակին խիստ ակտիվություն դրսևորեց և զորք ուղարկեց, որովհետև դեկտեմբերի ամսին մասնակցել էր Ամերիկայի կողմից ժողովրդավարության ֆորումին, որը խիստ բացասական էր ընկալվել Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի կողմից, իսկ ՀՀ իշխանությունը, բնականաբար, չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունները լարել և որպեսզի Ռուսաստանի առջև քավի իր մեղքը և ցույց տա, որ ինքը հավատարիմ դաշնակից է, շատ արագ նախաձեռնեց 100 հոգուց բաղկացած զորքի ուղարկումը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Հասկանալի է, որ Հայաստանի կողմից ուղարկված ոչ 100, ո՛չ Տաջիկստանի 200, Ղրղստանի 150-200 –ը, ոչ էլ Բելառուսի 300 խաղաղապահները ոչինչ չեն փոխելու, ռուսական 3000 հոգին են կարևոր, որոնք գործողություն են իրականացնելու, իսկ ՀՀ-ի ակտիվությունը պայմանավորված էր Ռուսաստանի մոտ առաջացած դժգոհությունը փարատելու  ու ցույց տալու հանգամանքով, որ պայմանական ասած՝ շեֆերի կլուբի անդամ է և միջազգային թատերաբեմում դեմք է հանդիսանում»,- ավելացրեց նա:

Հարցին, թե ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ում նախագահությունը արդյո՞ք պատճառ չէր, որ Փաշինյանը զորք ուղարկելու որոշում կայացներ, քաղաքագետը ընդգծեց, ՀԱՊԿ-ի որևէ կետ չի պարտավորում անպայման զորք ուղարկել, կարող էր դիտորդ ուղարկել կամ նշեր, որ մենք վստահում ենք այս երկրի զորքին և պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված և  մարդկային ռեսուրսի կարիքի պատճառով՝ զորք չենք ուղարկում.
«Փաշինյանը կարող էր խաղաղասիրական մի հայտարարությամբ ավարտեր, բայց ինչպես 2018-ին Ռուսաստանին դուր գալու համար Սիրիա սակրավորներ ուղարկեց, հիմա էլ՝ հարյուր հոգանոց զորախումբ է ուղարկում: Հարյուր հոգին հարց չի լուծում, բայց ներկայանում ես, որպես երկիր, որը Տաջիկստանի, Բելառուսի, Ղրղզստանի հետ հավասար է և Վլադիմիր Պուտինը քեզ հետ խոսում է: Եթե նկատել եք, վերջին օրերին ինչ Հայաստանը զորք է ուղարկել Ղազախստան, ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև հաճախակի զրույցներ են ընթանում»:
Խոսելով Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների և տարածաշրջանային մարտահրավերների մասին՝ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ Ղազախստանը Միջին Ասիայի կարևորագույն, հզոր պետություններից մեկն է, կան սոցիալական խնդիրներ, բայց կան ներքին խնդիրներ՝իշխանության փոփոխության հետ կապված:

«Նախկին  նախագահը գնացել էր, բայց իրականում չէր գնացել, իսկ նորերը դե յուր եկել էին, բայց փաստացի չէին եկել, և սոցիալական շարժումը օգտագործելով՝ գործող նախագահը կարողացավ նախկիններին մաքրել և իր մարդկանց նշանակել: Այն, ինչ կատարվում է Ղազախստանում, միայն սոցիալական չէ, թեև առիթը սոցիալական շարժումն էր: Ժամանակին Հայաստանում կայացած «էլեկտրիկ Երևան», «100 դրամանոց» ակցիաների մասշտաբային տարբերակը Ղազախստանում եղավ, որտեղ հետաքրքրություն դրսևորեցին թուրքերը, Չինաստանը, որի դեմ դուրս եկավ ռուսական գործոնը: Հիմա բարդ գործընթաց է, և ոչ մեկը չի կարող ասել՝ այս գործընթացը ավարտվեց և ամեն ինչ հստակ է»:

Հերմինե Միքայելյան