Դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է թվով 895 սիգ տեսակի ձուկ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

սիգ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ  «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի առաջին տասնօրյակը։

Ներկայացվել են իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, վերլուծել են թվային պատկերը։

Ամբողջ ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի և արագ արձագանքման բաժնի աշխատակիցների ու ծրագրի կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից ձկնորսների հետ տարվել են բացատրական աշխատանքներ ապօրինի ձկնորսության  դեպքերը կանխելու, լողամիջոցները ափամերձ հատվածներից դուրս բերելու ուղղությամբ:

 Իրականացվող միջոցառումների ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Ոստիկանության և ԲԸՏՄ-ի աշխատակիցների հետ համատեղ տեղադրվել են 3 անշարժ հսկիչ կետեր՝ Կարճաղբյուրի, Ճամբարակի, Սևանի ՊԱՏ անշարժ պահակետերում:

Դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 895 սիգ տեսակի ձուկ:

Դեկտեմբերի 25-ին և 28-ին նավով շրջայց է կատարվել Սևանա լճի վրա, ինչի արդյունքում դեկտեմբերի 25-ին լճից դուրս է բերվել 1, իսկ դեկտեմբերի 28-ին 54 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց։

Սևանա լճի ափամերձ հատվածներից դուրս է բերվել շուրջ 220 լողամիջոց:

Քննարկվել են միջոցառումների ընթացքում արդեն իսկ գույքագրված խնդիրները, կարճ ժամանակում դրանց լուծումներ կտրվեն։

Խորհրդակցության ավարտին նախարարը կրկին անդադարձել է վերահսկողության միջոցառումների ներառականության և քաղաքացիների հետ համագործակցության կարևորությանը։

«Անկախ վերահսկողության միջոցառումները, դրանք խստության աստիճանը, շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները և հատկապես լճի ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսները հստակ գիտակցեն, որ իրենք ևս մի մասն են այս գործընթացի և պետք է իրենց առօրյա վարքագծի անբաժան մասը դարձնեն շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը։

Միայն առողջ փոխհարաբերությունների վրա հիմնված ներառականությունը կարող է առավելագույն արդյունավետություն հաղորդել կենսական նշանակության այս խնդրի լուծմանը»,-նշել է նախարարը։

--00—ՄՀ