Պայմանագրայինների աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա. ՊՆ պարզաբանում է տարածել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների՝ դեկտեմբերի աշխատավարձը չփոխանցելու լուրի հետ կապված։

«Ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկության, թե ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ, հայտնում ենք, որ աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից՝ բուն աշխատավարձից և հավելավճարից, որը կախված է ծառայության պայմաններից և տեղանքից։

Ըստ այդմ՝ զինծառայողների դեկտեմբեր ամսվա բուն աշխատավարձը լիարժեք փոխանցվել է, իսկ հավելավճարները, ըստ գործող կարգի, վճարվելու են հաջորդ ամսվա (տվյալ դեպքում՝ հունվարի) սկզբին, երբ կհաշվարկվի զինծառայողների ծառայության փաստացի օրերի քանակը։ Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա հավելավճարները, տվյալ դեպքում, կվճարվեն մինչև

2022 թվականի հունվար ամսվա 7-րդ աշխատանքային օրը։
Միևնույն ժամանակ, իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե ՊՆ առանձին ստորաբաժանում, այս դեպքում՝ ռազմական ոստիկանությունը, պարգևավճար է ստացել։լ», - ասված է ՊՆ պարզաբանման մեջ:

Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, թե ահազանգ է ստացել ՀՀ Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողներից իրենց աշխատավարձերի վճարման հրատապ խնդրի վերաբերյալ։ Զինծառայողները մասնավորապես նշում են, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (մոտ 190000 ՀՀ դրամ) ստացել են ընդամենը մոտ 100000 ՀՀ դրամը, և տեղեկացվել, որ աշխատավարձի մյուս մասը կփոխանցվի 2022 թվականի հունվարի 10-ին։ Մինչդեռ նախորդ տարիներին դեկտեմբերի 20-ի դրությամբ իրենց վճարվում էր ամբողջական աշխատավարձ, նույնիսկ այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» որոշակի մաս։

--00—ԼՄ