ՀՀ քաղաքական իշխանությունը փորձում է շուռ տալ մեր ազգային-ազատագրական պայքարի վեկտորը. Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Քաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, 

Մենք Ձեզ հետ միասին թևակոխել ենք հայ ժողովրդի, մեր երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և վիրավոր Արցախի Հանրապետության ճակատագրերի ամենավճռորոշ և օրհասական փուլը, երբ ՀՀ քաղաքական իշխանությունը փորձում է շուռ տալ մեր ազգային-ազատագրական պայքարի վեկտորը՝ այն հիմնովին ոտնահարելու գնով։ Ավելին, դա ներկայացվում է որպես այլընտրանքի բացակայություն։ 
Ստացվում է, որ այն, ինչի համար հայ ժողովուրդը անցած 30 տարիների ընթացքում պայքարել է, անիմա՞ստ է եղել։ Իհարկե ոչ և 100 անգամ ոչ։

Ի՞նչ է, մոռացե՞լ ենք, որ չկա Արցախ, չկա Հայաստան։ 

Հիմա մտածում եմ, որ մի պահ քաղաքական ընդդիմությունը դադարեցրել էր հանրային ճնշումը, և իշխանությունը կորցրեց զգոնությունն ու բացահայտեց իր իրական ծրագրերը։
Եվ երբ ծանոթացա Արցախի խորհրդարանի՝ մեր գործընկերների հայտարարություններին, մտքովս մի բան անցավ՝ հարգելի և սիրելի գործընկերներ, նոր հասկացա՞ք՝ ինչն ինչոց է։ Վաղն, իհարկե, կասեն (ՀՀ քաղաքական իշխանությունները). <<Դուք ճիշտ չեք հասկացել>>…
Ոչ, մենք ամեն ինչ ճիշտ ենք հասկացել։

Սպասենք դեպքերի ընթացքին և տեսնենք՝ ինչ արժե խաղաղության դարաշրջանի համար հայտ ներկայացնելը»,- գրել է նա։