Փաշինյանի ներքին դրդապատճառը Արցախի հարցի պատասխանատվությունից լիարժեք ազատվելն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Քաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի ասուլիսային/ֆեյսբուքային մեկնաբանությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն ուղեկցվում է Արցախում ներքաղաքական «ռասկլադ» փոխելու հստակ գործողություններով։

Հասկանալի կերպով հանրային ուշադրությունը Փաշինյանի՝ ադրբեջանական քարոզչական շեշտադրումներն ու թեման ադրբեջանական «սոուսով» ներկայացնելու վրա է, սակայն Նիկոլի գլխավոր նպատակը Արցախի գործող նախագահին պաշտոնից հեռացնելն է։

Այո՛, առաջին հայացքից շատ տարօրինակ է հնչում, բայց փորձեմ փակագծերը բացել։

Խնդիրն այս դեպքում ոչ թե Արայիկ Հարությունյանի անձն է, այլ այն, որ Փաշինյանը գիտակցելով հանգամանքը, որ Արցախում այս պահին նախագահի նոր ընտրության անցկացումը գրեթե անհնարին է, կուլիսային ճանապարհով Հարությունյանին հեռացնելու գործընթաց է սկսել։

Այստեղ խնդիրը ոչ թե Արայիկ Հարությունյանի լավ կամ վատ լինելն է ու դրանով պայմանավորված գործընթաց սկսելը, այլ այն, որ Փաշինյանի համար Արցախին սուբյեկտայնության վերջին բաղադրիչից զրկելու ամենակարճ և վերջին քայլը Հարությունյանի հեռացման գործընթաց սկսելն է ու նախագահի պաշտոնի թափուրության ապահովումը։

Արցախում այս պահին եռացող գործընթացների քիչ հատվածն է տեսանելի հանրության լայն շրջանակների համար և ես հուսով եմ, որ առաջիկա օրերին այս թեմայով արցախյան քաղաքական ուժերը կխոսեն։

Արցախի առողջ ուժերի ակտիվ դիմակայության պայմաններում փաշինյանական քաղաքական վերադասավորումների առաջին փուլը տապալվել է, ներկայումս քաղաքական կոնսուլտացիաների շրջան է, որի նպատակը Արցախում քաղաքական կայունության ապահովումն է։

Փաշինյանի գործողություններն Արցախում ունեն նաև արտաքին դրդապատճառ և ունակ են վերախմբագրումներ մտցնել ռեգիոնալ վերադասավորությունների մեջ, սակայն այս պահի դրությամբ, կարծես, այդ սցենարը գործի դնել չի հաջողվում։

Փաշինյանի ներքին դրդապատճառը Արցախի հարցի պատասխանատվությունից լիարժեք ազատվելն է, Թուրքիայից ու Ադրբեջանից դրա դիմաց այլ հարցերում փոխզիջում ստանալն է։

ՀԳ. Արայիկ Հարությունյանը 2018 թվականից հետո անհաշվելի սխալներ ու ձախողումներ է թույլ տվել, մեղքի իր հսկայական բաժինն ունի տարբեր գործընթացներում, սակայն այս փուլում քաղաքական ուժերի, հասարակության ակտիվ խմբերի և Արցախի ու Հայաստանի համար մտահոգ մարդկանց ուշադրությունը պետք է կենտրոնացնել Արցախի դեմ հարձակման հերթական ալիքի դեմ, որի հիմքում ոչ թե Արայիկ Հարությունյանն է, այլ Արցախի սուբյեկտայնության վերջնական խորտակումը»։