Անահիտ Ավանեսյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են համավարակի դեմ պայքարի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և Ճապոնիայի դեսպանության համատեղ բոլոր նախաձեռնությունները դրական ազդեցություն են թողել համակարգի վրա, իսկ Ճապոնիայի աջակցությամբ տրամադրված բժշկական սարքերը նպաստել են երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը:

«Հուսով ենք, որ առողջապահական համակարգի վրա համավարակի և պատերազմի հետևանքով գերլարվածությունը կթուլանա և կկարողանանք աշխատել բարեփոխումների  և զարգացման ուղղությամբ»,-ասել է առողջապահության նախարարը:

Ճապոնիայի դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Ճապոնիայի միջև սերտ հարաբերությունները` հույս հայտնելով, որ  համավարակի դեմ պայքարը  թույլ կտա կենտրոնանալ այլ ծրագրերի վրա:

Անահիտ Ավանեսյանը և Ֆուկուշիմա Մասանորին անդրադարձել են Հայաստանում և Ճապոնիայում COVID-19-ի տարածման, կանխարգելիչ միջոցառումներին, պատվաստումային գործընթացին, ինչպես նաև  խթանիչ պատվաստանյութերի կիրառման փորձին:

Քննարկվել են նաև առողջապահական համակարգում սպասվող բարեփոխումների, այդ թվում` առողջության առաջնային պահպանման օղակի արդիականացման ուղղությամբ հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր:

--00—ՄՀ