Դատախազը չի հաստատել Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործը հետ է ուղարկել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

աղվան հովսեփյան

Դատախազը չի հաստատել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հսկող դատախազի կողմից գրավոր ցուցումներով գործը հետ է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Աղվան Հովսեփյանի գործով նախաքննության ավարտ էր հայտարարել և գործն ուղարկել Դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար՝ առանց նախաքննության ընթացքում դատախազի ցուցումը կատարելու։

Մասնավորապես, պաշտպանության կողմը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվեն Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» գործը նախկինում քննած քննիչները և դատախազները՝ պարզելու իսկապես այդ գործերով Հովսեփյանը ցուցումներ է տվել՝ հօգուտ Ղարիբյանի որոշումներ կայացնելու։ Սա թույլ կտար ստուգել նրա ցուցմունքների հավաստիությունը, ինչը թվում է, որ պետք է բխեր հենց նախաքննական մարմնի շահերից, եթե այդքան վստահ էին, որ Յուրա Ղարիբյանը ճշմարտացի ցուցմունքներ է տվել ու մեղադրանքը կդառնար հիմնավոր, սակայն քննիչը մերժել է միջնորդությունը։ Որոշման դեմ պաշտպանի կողմից բողոք է ներկայացվել դատախազին, որն էլ բավարարել էր բողոքը և ցուցում տրել քննիչին՝ միջնորդությամբ բարձրացված բոլոր հարցերի շուրջ քննություն կատարելու համար։ Մինչդեռ, վարույթն իրականացնող մարմինը շտապել է նախաքննության ավարտ հայտարարել՝ առանց «Շանթի Յուրայի» գործը քննող քննիչներին և հսկող դատախազներին հարցաքննելու՝ չկատարելով դատախազի ցուցումը։

Փաստորեն, դատախազն էլ իր հերթին է արձանագրել, որ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի կատարել և չի հաստատել մեղադրական եզրակացությունը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։

Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

--00—ՄՀ