Թյուր են այն կարծիքները, որ դպրոցում լինելու է երկու տնօրեն. Վահրամ Դումանյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

Դումանյան

Թյուր են այն կարծիքները, որ դպրոցում լինելու է երկու տնօրեն։ Այս մասին ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով դպրոցի կառավարման առաջարկվող նոր մոդելին:

Նա հստակեցրել է՝ դպրոցում լինելու է մեկ տնօրեն, ուղղակի նրա գործառույթներից հանվելու է վարչատնտեսական բաղադրիչը, հետևաբար տնօրենը զբաղվելու է միմիայն բովանդակային հարցերով։

Նախարարի խոսքով՝ տնօրենի նշանակմամբ պետությունը հստակ պարտավորություն է ստանձնելու և դպրոցի կառավարման հարցում սահմանելու է հստակ նշաձող, իսկ տնօրենը ներկայացնելու է՝ ինչպես հասնել սահմանված նշաձողին։ Նրա խոսքով՝ կվերանայվեն նաև ուսուցչի աշխատավարձի քաղաքականությունը և դրույքաչափերի բարձրացման հարցերը։

Իր հերթին, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է տարանջատել վարչատնտեսական ղեկավարումն ուսումնական գործընթացի բովանդակային կառավարումից, այսինքն՝ վարչատնտեսական ղեկավարումն իրականացնել կենտրոնացված՝ մի քանի դպրոցների համար, իսկ ուսումնական գծով տնօրենի համար սահմանել հստակ վերջնարդյունքներ։

Առաջարկվող մյուս փոփոխությամբ՝ թե՛ վարչատնտեսական, թե՛ ուսումնական գծով ղեկավարները կնշանակվեն, իսկ դպրոցի խորհուրդը կզբաղվի տվյալ ուսհաստատության զարգացման բովանդակային հարցերով։ Երրորդ փոփոխությամբ կհստակեցվի հավաստագրման գործընթացը․ գործող տնօրենների համար կներդրվի ատեստավորման մեխանիզմ՝ իր ներկայացրած զարգացման ծրագրի կատարողականի հիման վրա։

--00—ՄՀ