Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսը հայտարարագրեր չի ներկայացրել. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել տարեկան 2019 եւ 2020 թվականների հայտարարագրերը:

Խոսքը շվեցարահայ գործարարի, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահի մասին է, որը ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց ցանկում, քանի որ Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 253-րդ հորիզոնականը: Փոխարենը ներկայացված է 2017 եւ 2018 թվականների հայտարարագրերը: Տեղեկացնենք, որ վարույթ է հարուցվում այն պաշտոնյաների դեմ, որոնք հայտարարագիր չեն ներկայացնում:

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հյուպատոսի դրամական միջոցները 2018 թվականի վերջին կազմել է 6 մլն 250 հազար 405 շվեյցարական ֆրանկ, 667 հազար եվրո, 11 մլն 795 հազար դրամ:

Որպես եկամուտ Սիրմաքեշը 4 վայրից աշխատավարձ է ստացել 502 հազար շվեյցարական ֆրանկ, 60 հազար եվրո, 2 մլն 250 հազար դրամ, 502 հազար շվեյցարական ֆրանկ: Մեկ ընկերությունից ստացել է 8 մլն 448 հազար շվեյցարական ֆրանկի չափով շահաբաժին: Մոտ 9 մլն դրամի չափով Սիրմաքեշը տրված վարձակալության դիմաց գումար է ստացել:

Կնոջ՝ Անի Սիրմաքեշի հայտարարագիրը դատարկ է. ո՛չ եկամուտ ունի եւ ո՛չ էլ դրամական միջոցներ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` Սիրմաքեշը «Արցախբանկի» 39.1 տոկոսի եւ «Արմսվիսբանկի» 80 տոկոսի բաժնետերն է: Նրա պաշտոնական հայտարարագրում իրական ունեցվածքի եւ դրամական միջոցների մասին տվյալներ, ըստ էության, չկան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ