Ծանրորդ Վարազդատ Լալայանը ԱԱ-ի փոխչեմպիոն է, Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

ծանրորդ

 Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում հիմնական պայքարը ծավալվեց Վրաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի 4-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեի և Հայաստանից ՕԽ փոխչեմպիոն Գոռ Մինասյանի և Վարազդատ Լալայանի միջև:

Գերծանր քաշում Գոռ Մինասյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 205 կգ, սակայն երկու փորձից գլխավերևում չֆիքսեց 213 կգ-ն: Հրում վարժությունում Մինասյանը հաջորդաբար հրեց 240 կգ,  243 կգ, սակայն չբարձրացրեց 253 կգ: Երկամարտի 448 կգ արդյունքով Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:   

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը նախ պոկեց 202 կգ,  հետո 207 կգ և վերջում  211 կգ: Այս ձևում Լալայանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության ժամանակ նախ չբարձրացրեց 240 կգ, սակայն հաջորդիվ գլխավերևում պահեց 242 կգ, իսկ վերջին մոտեցմամբ բարձրացրեց 246 կգ: Երկամարտի 457 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Այս քաշում աշխարհի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն` երկամարտի  492 կգ արդյունքով:

Հայաստանի հավաքականում մինչ այս աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Սիմոն Մարտիրոսյանը:
 
--00—ՄՀ