Մամիկոն Ասլանյանին իշխանությունը զգուշացրել էր չառաջադրվել Վանաձորում՝ սպառնալով ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Քննչական կոմիտեն չորեքշաբթի երեկոյան հայտարարություն տարածեց, որ ձերբակալվել է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, ում վերագրվում է իր պաշտոնավարման տարիներին համայնքին պատկանող հողերի «աճուրդով ապօրինի վաճառելը»։ 

Իրականում, սակայն, Ասլանյանի ձերբակալությունը սպասելի էր և ուղիղ կապված է «Մամիկոն Ասլանյան» դաշինքով Վանաձորի ընտրություններում հաղթելու հետ։ 

24News-ի տեղեկություններով, Ասլանյանին դեռևս մի քանի ամիս առաջ իշխանությունների հատուկ բանագնացները զգուշացրել էին, որ չմասնակցի ընտրություններին՝ սպառնալով հակառակ դեպքում նրան ձերբակալել։ Վանաձորի նախկին համայնքապետը, սակայն, պատասխանել էր, որ եթե ինչ-որ հանցանք է գործել, ապա պետք չէ սպասել ընտրություններին՝ կոչ անելով անմիջապես քրեական հետապնդում սկսել։ 

Որպեսզի իշխանությունները չհասցնեն մինչև ընտրություններ իրեն ձերբակալել՝ Ասլանյանն անգամ կարճ ժամանակով Եվրոպա էր մեկնել, մինչև իր թիմակիցները պատրաստեին համապատասխան փաստաթղթերը՝ ընտրություններին գրանցբելու համար։ 

Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին, չնայած վարչական լծակների կիրառման ու բազմաթիվ ճնշումների, Ասլանյանի ղեկավարած դաշինքը հավաքել էր ձայների 38,70 տոկոսը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 25.06 տոկոս։ 

Ստացվում է, որ իշխանությունները, «հավատարիմ մնալով իրենց խոսքին», վենդետա են իրականացնում Ասլանյանի նկատմամբ, որպեսզի թույլ չտան, որ նա վերընտրվի համայնքապետ։

--00--ԿԿ