Ղարիբաշվիլին մեկնում է Բրյուսել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրահանձնաժողովի նախագահի և Խորհրդի ներկայիս նախագահության համատեղ հրավերով․ գրել է Aliq.ge-ն։

Ըստ կառավարության վարչակազմի, գագաթնաժողովում կընդունվի քաղաքական հռչակագիր, որում Թբիլիսին կարևորում է Վրաստանի համար առաջնահերթ խնդիրների արտացոլումը։ Հռչակագիրը վերահաստատում է Արևելյան գործընկերության ռազմավարական նշանակությունը Եվրամիության համար, ինչպես նաև նրա աջակցությունը Վրաստանի և նրա գործընկերների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

«Վրացական կողմն ակնկալում է, որ Բրյուսելում կընդգծվի Վրաստանի աստիճանական ինտեգրումը ԵՄ-ի միասնական շուկային, ինչպես նաև Արևելյան գործընկերության նոր օրակարգի հաստատումը, որի մշակմանը Վրաստանը ԵՄ-ի և այլ գործընկեր երկրների հետ միասին ներգրավված է եղել», — ասված է հաղորդագրության մեջ:

Հարկ է նշել, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև երկխոսության բարձր մակարդակի ձևաչափ է, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այն քննարկում է ռազմավարական և քաղաքական կարևորագույն հարցերը և համաձայնեցնում կողմերի միջև։

Բրյուսել կատարած այցի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարը բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։

--00—ՄՀ