ՔՊ-ի թեկնածուն փորձում է յուրացնել Վարդենիսի ժողովրդի ազատ կամքով ձևավորվելիք իշխանությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24 News

դաշինք

Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքի հետ համագործակցության հայտարարություն ստորագրած «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը դատապարտել է «Միասնական Վարդենիսի» ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին ձերբակալելու փաստը։

«Դեկտեմբերի 5-ին կայացած Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո «Ահարոն Խաչատրյան» դաշինքը և «Միասնական Վարդենիս» դաշինքը կազմեցին կոալիցիա և ստորագրեցին միասնական հայտարարություն, որով երկու վերոհիշյալ դաշինքները պայմանավորվեցին համայնքապետի միասնական թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնական ձևավորելու մասին։

Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն, իր հովանավորների միջոցով օգտագործելով պետական իշխանության լծակները, փորձ է անում յուրացնել Վարդենիսի ժողովրդի ազատ կամքով ձևավորվելիք իշխանությունը։

Մասնավորապես՝ այսօր կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին, դրանով նպատակ ունենալով վերջինիս զրկել համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցելու հնարավորությունից, ինչով և փորձ է արվում ապահովել իրենց համար ցանկալի արդյունք։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը դատապարտում է նմանօրինակ բռնաճնշումները, որոնք խաթարում են և ստվեր են գցում արդար անցկացված ընտրությունների արդյունքների վրա։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոչ է անում քաղաքական իշխանությանը՝ սանձել Վարդենիսում բռնաճնշումներ իրականացնող թիմակիցներին»,- նշված է դաշինքի տարածած հայտարարությունում։

  --00—ՄՀ