Դիարբեքիրի կաթոլիկ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո հանձնել են տեղի համալսարանի տնօրինությանը

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24 News

թուրքիա

Դիարբեքիրի Սուրբ Հովսեփ հայկական կաթոլիկ եկեղեցին պետության կողմից վերանորոգվելուց հետո 10 տարով հանձնվել է Դիարբեքիրի «Դիջլե» համասարանի տնօրինմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում տեղակայված եկեղեցին լրջորեն վնասվել էր 2015-ին այդտեղ թուրքական ուժայինների ու «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում: 

Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից վերանորոգված հայ կաթոլիկներրի համայնքին պատկանող եկեղեցին Դիջլեի համալսարանի կողմից 10 տարի կօգտագործվի կրթական և մշակութային նպատակներով: Դրանով հանդերձ պահպանվել է նաև հայ կաթոլիկ համայնքի՝ եկեղեցում պատարագներ անցկացնելու իրավունքը: 

Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վերանորոգումից հետո օրհնել է եկեղեցին ու այնտեղ երկարատև ընդմիջումից հետո անցկացրել առաջին պատարագը:

Զեքիյանը գոհունակություն է հայտնել, որ 100 տարի անց համայնքին պատարագ կազմակերպելու իրավունք է ընձեռվել: 

Նշենք, որ 2013թ. ևս Սուրի հայկական եկեղեցին վերանորոգվել էր, ինչից հետո օգտագործվում էր որպես գորգերի արհեստանոց: Խոսակցություններ կային, որ այս անգամ վերակառուցումից հետո կառույցը պետք է որպես եկեղեցի օգտագործվեր, սակայն արդյունքում այլ որոշում է կայացվել:

 --00—ՄՀ