Հաշմանդամությունը մահապատիժ չէ, այլ՝ մարտահրավեր, իսկ մարտահրավերը հնարավորություն է. Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Հասարակական

Հաշմանդամությունը մահապատիժ չէ, այլ՝ մարտահրավեր, իսկ մարտահրավերը հնարավորություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հերթական առիթն է ավելի շատ խոսելու և մտածելու մեր հասարակության մի զգալի հատվածի հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի թեմատիկ իրազեկման արշավի այս տեսանյութում ես հանդես եմ գալիս որպես հաշմանդամություն ունեցող անձ՝ խոսելով իմ անձնական փորձառության ու մոտեցումների մասին:

Անձնական՝ յուրաքանչյուր անձ առաջին հերթին իր ներքին խոչընդոտներն ու դժվարությունները պետք է հաղթահարի, որպեսզի ավելի հեշտորեն կարողանա հաղթահարել արտաքին խոչընդոտները. հաշմանդամությունը հնարավորություն է ավելի ուժեղանալու և զարգանալու համար:

Պաշտոնական՝ պետությունը պարտավոր է ապահովել առավելագույն բարենպաստ միջավայր ու հավասար պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց ինքնաիրացման ու զարգացման համար, և ես, որպես պետական նախարար, դրա համար ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ ջանքեր եմ գործադրում»,-նշել է Բեգլարյանը:

--00--ԿԿ